ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Նպատակ հետապնդելով ամրապնդել եկեղեցի-հասարակական կազմակերպություն-պետություն կապը` ի շահ հասարակության եւ կարոտյալ խավի` Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհությամբ եւ «Բոլոր սար» ՀԿ նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի սոցիալական հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում Վանաձոր համայնքի հասարակական կազմակերպությունների, հոգեւոր եւ պետական այրերի մասնակցությամբ:
Վանաձորում ակտիվորեն գործող տասնակից ավելի հասարակական կազմակերպությունները շատ անգամներ են միասին նստել կլոր սեղանի շուրջ, քննարկել ու վեր հանել համայնքի հիմնախնդիրները եւ փորձել լուծում տալ դրանց: Սակայն հոգեւոր եւ պետական կառույցների գործուն մասնակցությամբ արդեն կոնկրետ քայլ ու որպես արդյունք մի քայլ առաջ է այս հանդիպումը: Դեռեւս 2005թ. ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից Վանաձորի հասարակական կազմակերպությունների համար «Քաղաքացիական հասարակության խմբերի ներուժի եւ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինար-դասընթացները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Այս տարվա սեպտեմբերից ծրագրին մասնակից «Բոլոր սար», «Առաջընթաց», «Ընտաիք եւ երեխաներ», «Բնապահպանություն» ՀԿ-ները միասին իրագործում են «Այսօր կերտում ենք ապագան» ծրագիրը` ուղղված Վանաձոր համայնքի 14-25 տարեկան պատանիների ու երիտասարդների կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Առաջնորդարանում կայացած «Վանաձոր համայնքի սոցիալական հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկումը այս ծրագրի մի մասն էր կազմում, որը հնարավություն է ընձեռում ՀԿ-ների հետագա համագործակցությանը` աջակից ունենալով Եկեղեցուն եւ պետական կառույցներին:
Որպես համագործակցության արդյունք` քննարկման ընթացքում թեմակալ առաջնորդը հանդես եկավ գործնական առաջարկություններով. ուշադրությունից ու խնամքից դուրս մնացած մանուկներին ցուցաբերել նյութական եւ բարոյահոգեբանական աջակցություն, կազմակերպել նրանց ամառային հանգիստը թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում, աջակցել հաշմանդամներին` ձեռք բերելու հաշմանդամության սայլակներ: Գործնական առաջարկությամբ հանդես եկավ նաեւ մարզպետի խորհրդական Էդիկ Հովսեփյանը:
Հանդիպումը խոստումնալից էր` ինֆորմացիայի փոխանակման, հետագա համագործակցության, առաջիկայում նոր հանդիպումների ու քննարկումների կազմակերպման եւ համատեղ ծրագրերի իրականացման առումով: